Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակությունն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո
Դեկտեմբերի 16-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արգամ Հովսեփյանը Բյուրոյում ընդունել է Բ. Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի (Եկատերինբուրգ, ՌԴ) միջազգային կապերի գծով պրոռեկտոր Սերգեյ Տուշինին և շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Պոնոմարյովին:
Հանդիպման շրջանակներում ռուս գործընկերները ծանոթացել են Հայաստանի դատափորձագիտական ամենախոշոր կառույցի գործունեության հիմնական նպատակներին, ուղղություններին և հետազոտական հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրել ՈւԴՀ-ի համանման մասնագիտական ուղղություններով հարուստ ուսումնակրթական և գիտագործնական փորձն ու հնարավորությունները:
ՈւԴՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Սերգեյ Տուշինն իր խոսքում նշել է, որ ժամանակի տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված՝ բուհը գիտահետազոտական քաղաքականության գերակա ուղղություն է սահմանել ինժեներական մասնագիտությունները և առաջարկել է քննարկել շինարարատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական, նյութագիտական, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում փոխգործակցության և գիտագործնական կապերի ձևավորման շրջանակները:
Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել դիտարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավոր ուղղությունները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկել գիտագործնական աշխատանքների արժեքավոր արդյունքների հրապարակումը ինչպես Բյուրոյի կողմից հրատարակվող մասնագիտացված ամսագրում, այնպես էլ ՈւԴՀ-ի՝ միջազգային բարձր վարկանիշներ ունեցող շուրջ երկու տասնյակ գիտական պարբերականներում:
Նույն օրը հյուրերի համար կազմակերպվել է նաև շրջայց, որի շրջանակներում ներկայացվել են կառույցի վերջին տարիների ձեռքբերումները ինչպես մեթոդական ապահովման, այնպես էլ ժամանակակից նյութատեխնիկական բազայի ձևավորման առումով:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է արտասահմանյան հեղինակավոր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի զարգացման:
18 December 2025






.jpg)